Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 18 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 18 հունվարի 
1990թ.

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990թ. հունվարի 13-ին, Ադրբեջանի՝ 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում, հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից 5 օր անց՝ հունվարի 18-ին, ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգանի՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի համարում հայտնեցին Բաքվից մազապուրծ եղած հայերի առաջին լուսանկարները:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:

«Սովետական Հայաստան» օրաթերթ -  հունվարի 18

Գաղթականների թարմ հիշողությունները

Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի և հետապնդումների արդյունքում հազարավոր հայեր լքեցին իրենց բնակավայրը և տեղափոխվեցին Հայաստան: «Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 18-ի համարում տեղ գտան ջարդերից մազապուրծ եղած հայերի լուսանկարները և նրանց պատմությունները՝ ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքի մասին:

«ԵՐԿՐՈՐԴ «ՍՈՒՄԳԱՅԻ՞Թ», ԹԵ՞ ՆՈՐ «ԲԱՔՈՒ»…

Բալայան Ռենատա- Կատաղած ամբոխը ներխուժեց բնակարանները: Արնակալած աչքերով մարդանման հրեշները՝ ձեռքներին դանակ և այլ սառը զենքեր, պատրաստ ամեն րոպե հոշոտելու ընդդիմացողներին, միայն մի հարց էին տալիս. «Հայ կա՞…»: Ու չսպասելով պատասխանի, ներքուստ համոզվելով, որ հայեր են քարշ էին տալիս փողոց: Այդպես վարվեցին նաև մեզ հետ՝ չթողնելով անգամ վերցնել ամենաանհրաժեշտ իրերը և շորեր: Միլիցիոներների, զինվորականների ներկայությունն էր պատճառը, թե մեկ այլ բան, խանգարեց արյան ծարավ խուժանին մեզ հետ հաշվեհարդար տեսնել հենց տեղում…:

Իսրայելյան Վիոլետա- Չեմ կարող ոչինչ պատմել, հասկանում եք, չեմ կարող մի անգամ էլ վերապրել այդ սարսափը: Միայն իմ, ամուսնուս, երեխայիս, քրոջս փրկչի անունը կասեմ՝ Բաքվի 26 կոմիսարների անվան շրջանի միլիցիայի մայոր Կասումով:

Բուդաղյան Դիանա- Ջարդելով դուռը, հանկարծակի ներխուժեցին մեր բնակարան: Ծեծելով ու սպառնալիքներով դուրս շպրտեցին բնակարանից, ասելով՝ «դուք դեռ սպասեք, Բաքուն կմաքրենք գյավուրներիցդ, կանցնենք Ղարաբաղին և դեռ Երևանին էլ հերթ կհասնի»: Հայտնվելով փողոցում, ականատես եղանք սարսափազդու տեսարանների, բարձրահարկ շենքերի պատուհաններից և պատշգամբներից ցած էին շպրտում մանկահասակ երեխաների…»

Ականատեսների վկայություններով՝ ադրբեջանական հրոսակախմբերը չէին խնայում նաև իրենց այն հայրենակիցներին, որոնք հայերին օգնության ձեռք էին մեկնել:

«Պրավդա»-ի և «Իզվեստիա»-ի թղթակիցները՝ փախստականների մասին

Օրաթերթի հունվարի 18-ի համարում տեղ են գտել նաև «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի թղթակիցների նյութերը Բաքվից ժամանող փախստականների մասին: «Տագնապ ու ցավ» ու «Եվ դարձյալ փախստականներ» հոդվածներում նրանք ներկայացրել են Հայաստանում այդ օրերին տիրող իրավիճակն ու իրադարձությունները:

«ՏԱԳՆԱՊ ՈՒ ՑԱՎ

Տագնապ, ցավ և դատապարտում՝ ահա տրամադրությունների այն համանիշները, որոնցով այսօր մարդիկ ապրում են Հայաստանում: Դրանք առաջացել են Բաքվից, Ադրբեջանի Շահումյանի ու Խանլարի շրջաններից ստացված հաղորդումներով: Մարդիկ զայրացած են գրոհայինների հանցավոր գործողություններից…

Ա. Սարգսյան

(«Պրավդայի» թղթ.) քաղ. Երևան

«Պրավդա», 17 հունվարի 1990թ.

 

«ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

Միներալնիե Վոդիի օդանավակայանում չվացուցակից դուրս վայրէջք կատարեց ԱՆ-24 ինքնաթիռը, որը բերեց երեսունհինգ կին, երեք երեխա և տասը տղամարդ՝ փախստականներ Բաքվից:

Նրանց ժամանելու մասին տեղյակ էին պահվել նախապես: Եվ այստեղ նրանց անմիջապես հարմար տեղավորեցին ու կերակրեցին: Նաև օգնեցին հագնվել, չէ որ նրանցից ոմանք իրենց տներից հեռացել էին թեթև հագնված:

…Ահա արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք են կատարում Կրասնովոդսկից ժամանող ինքնաթիռները:

Նրանք այդտեղ են բերում Բաքվի հայազգի բնակիչների: Փախստականների մեջ կան վիրավորներ, հիվանդներ, տարեց մարդիկ: Բոլոր կարիքավորներին անհետաձգելի բուժօգնություն է ցույց տրվում:

Հունվարի 16-ին Կրասնովոդսկ ժամանեց «Սովետսկայա Կալմիկիա» լաստանավը, որը բերեց ավելի քան ինը հարյուր մարդ…

Վ. ՕԼԻՅԱՆՉՈՒԿ

Ս. ԲԱԲԼՈՒՄՅԱՆ

«Իզվեստիայի» սեփ. թղթ.,

Ա. ԼԵՆՍԿԻ «Կրասնովոդսկի ռաբոչի»

թերթի խմբագիր

«Իզվեստիա», 17 հունվարի 1990թ.»

Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 18-ի համարում տեղ են գտել նաև լուրեր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստի, ՀԿԿ Կենտկոմի, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից գաղթականներին օգնություն ցույց տալու համար հանրապետությունում համապատասխան ֆոնդ ստեղծելու որոշման, և մի շարք այլ թեմաների մասին:

30 տարի առաջ այս օրերին թեժ կետերում և սովետական գրաքննության պայմաններում աշխատած լրագրողների դժվարին և ազգանվեր աշխատանքի շնորհիվ են պատմության էջերում գրվել հայ ժողովրդի կյանքի վերաբերյալ այս կարևոր տեղեկությունները:

 Նորայր Շողիկյան

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 14 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 15 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 16 հունվարի 1990թ.

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 17 հունվարի 1990թ.





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ