Թուրքիայի մեջլիսի խոսնակի ընտրությունների երկրորդ փուլը ևս արդյունք չտվեց
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակի ընտրության երկրորդ փուլը ևս ավարտվել է առանց արդյունքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, ինչպես խոսնակի ընտրության առաջին փուլում, այնպես էլ երկրորդում կուսակցությունների թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ պահանջվող 367 ձայնը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու Իսմեթ Յըլմազը քվեարկության արդյունքում ստացել է 256 ձայն, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Դենիզ Բայքալը` 128 ձայն, «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն` 80 ձայն, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը` 80 ձայն: Երկրորդ փուլին մասնակցել է 545 պատգամավոր:
Խոսնակի ընտրությունների առաջին փուլում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. Իսմեթ Յըլմազ` 256 ձայն, Դենիզ Բայքալ` 125 ձայն, Էքմելեդդին Իհսանօղլու` 81 ձայն, Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթ` 81 ձայն: Երկու ձայն ճանաչվել էր անվավեր: Առաջին փուլում ընտրություններին մասնակցել էր 545 պատգամավոր:
Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ոչ մի կուսակցություն չի կարող սեփական ուժերով ընտրել սեփական թեկնածուին, հետևաբար կա այլ կուսակցությունների հետ բանակցելու և նրանց ձայները ստանալու անհրաժեշտություն: Մեջլիսի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում խոսնակի ընտրության համար անհրաժեշտ է 367, իսկ երրորդ փուլում՝ 276 պատգամավորի ձայն: Եթե մինչև երրորդ փուլ որևէ թեկնածու չընտրվի, ապա 4-րդ փուլում կմրցեն նախորդ ընտրության ժամանակ ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուները, որոնցից էլ վերջին փուլում կհաղթի նա, ով կստանա ավելի շատ ձայն:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերը կանցկացվեն հունիսի 30-ին, իսկ երրորդ և չորորդ փուլերը՝ հուլիսի 1-ին: Խոսնակի ընտրությունից հետո երկրի նախագահը վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն, որը պետք է վերջնական տեսք ստանա 45 օր անց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում