Քաղաքականություն

Կարմիր խաչի պատվիրակներն Ադրբեջանում այցելել են հայ գերուն

2 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի պատվիրակներն Ադրբեջանում այցելել են հայ գերուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն` Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄՀ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: «Սեպտեմբերի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն: Գերու ընտանիքի անդամներն ու Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են այցի մասին»,-ասաց Հասմիկ Գալստյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել են իրենց կողմում հայտնված հայ գրու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին`ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատվիրակները գերեվարման հաջորդ իսկ օրը հանդիպել էին ադրբեջանցի գերուն, նրան փոխանցել նամակ ընտանիքից եւ վերցրել նրանից նամակ` ընտանիքին հանձնելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում