Հասարակական

Հայաստանի Եվրոպական Շարժումը հրաժարվում է պատվիրակություն գործուղել Ադրբեջանի մայրաքաղաք

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Եվրոպական Շարժումը հրաժարվում է պատվիրակություն գործուղել Ադրբեջանի մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպական շարժում»ՀԿ նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ Հայաստանի Եվրոպական Շարժումը հրաժարվում է պատվիրակություն գործուղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերին կայանալիք հանդիպմանը:

«Այն պետությունում,որտեղ մարդասպանները հերոսացվում են նույնիսկ հասարակության կողմից, մենք անելու ոչինչ չունենք: Բոլորս, իբրև Եվրոպական Շարժման ներկայացուցիչներ, մեզ համար պատիվ ենք համարում լինել եվրոպական արժեքների կրողը և տարածողը, մենք մեր առաքելության կատարման ընթացքում բարձր ենք գնահատում մեր դերը մեր հասարակությունների և պետությունների կյանքում` հանդիսանալով եվրոպական ինտեգրման գործընթացների հիմնական շարժիչ ուժ: ԵՄ և ՆԱՏՕ անդամ պետությունն, ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին, դավաճանեց այդ բոլոր արժեքները, վարկաբեկեց եվրոպական հեղինակությունը և փոխեց արդարադատությունը ձկնկիթի հետ»,-նշված էր հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված էր, որ Հայաստանի Եվրոպական Շարժումը ողջունում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու որոշումը և հայտնում իր զորակցությունը:

«Խնդրում և կոչ ենք անում Միջազգային Եվրոպական Շարժման նախագահին հանդես գալ հայտարարությամբ, գնահատական տալ Հունգարիայի իշխանությունների գործունեությանը, կոչ անել Եվրոպայի խորհրդին դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը վերջինին, կոչ անել Եվրոպական Միությանը դադարեցնել Ադրբեջանին տրվող աջակցությունը: Նույնը ակնկալում ենք Հունգարիայի և Ադրբեջանի եվրոպական շարժման գործընկերներից»,-ասված էր հայտարարության մեջ:

Հայտարարությունն ուղղվել է Միգազգային Եվրոպական Շարժման նախագահ Ջո Լայնեին, միջազգային Եվրոպական Շարժման` Ընդլայնման և հարևանության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Քսենյա Միլենկովիչին,Հունգարիայի Եվրոպական Շարժման Նախագահ Նորբերտ Կրոյին եւ

Ադրբեջանի Եվրոպական Շարժման Նախագահ Ռամին Հաջիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում