70-ականների Երևանի խորհրդանիշերը նվիրաբերվեցին Երևանի պատմության թանգարանին
16:47, 14 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվել է ժամանակակից Երևանի պատմության ևս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դրանք 70-ականների Երևանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երևանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝ կաշվե թղթապանակով, Երևանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը և 1978 թվականի՝ Էրեբունի-Երևանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը: 1978-84 թթ. Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով ներկայացած առարկաների հեղինակը և համահեղինակն է, այս առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում:
Ցուցանմուշները հանձնվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Շնորհակալությունս եմ հայտնում, որ պահպանել եք այս ամենը և այսօր նվիրում եք Երևան քաղաքի պատմության թանգարանին»,- նշել է քաղաքապետը:
«Մնալով ինձ մոտ՝ այս առարկաները կլինեին իմ սեփականությունը և կուրախացնեին միայն ինձ. այժմ դրանք հանրային սեփականություն են և կարող են պատմել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, թե ինչպես է առաջ եկել պատվավոր քաղաքացու մտահղացումը և այլ փոքրիկ պատմություններ 70-ականների Երևանի մասին»,- ասել է նկարիչը:
Դիտվել է 133 անգամ

Ֆոտոհոսք
RSS
