Մշակույթ

Հայաստանն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեր երկիրն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Սա էապես կընդլայնի այս ոլորտում աշխատողների և արտասահմանցի կինոարտադրողների համագործակցությունը, նոր ծրագրերի մշակումը: Նախագիծը հաստատվել է նոյեմբերին»,-նշեց նա:

Անդրադառնալով կինոարտադրության և կինոժառանգության ոլորտի այլ ծրագրերին` Խզմալյանն ընդգծեց, որ կինոկենտրոնի նախաձեռնությամբ և իրենց աջակցությամբ ստեղծվում է միջազգային ճանաչում ունեցող ծագումով հայ կինոգործիչների հարթակ, որի նպատակն է Համահայկական կինոֆորումի ստեղծումը, նրանց օժանդակությամբ միջազգային չափանիշների յուրացումն ու համագործակցության ընդլայնումը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-16-ը: «Հաճախ ենք խոսում, որ դրսում ունենք հարուստ ներուժ, մարդիկ, որոնք տարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել, հսկայական փորձառություն ունեն, շատ լավ պատկերացնում են կինոշուկայի տրամաբանությունը, ունեն միջազգային կապեր: Կարծում եմ` այս ծրագիրը այդ ներուժը կապիտալիզացնելու առաջին քայլն է»,-շեշտեց նա:

Փոխնախարարը հավելեց, որ մշակվել է նաև հայկական կինոժառանգության պահպանման, թվային վերականգնման ու հանրայնացման ծրագիր, որի շրջանակում հաջորդ տարի տեղի կունենան ցուցահանդեսներ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում, Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում և Կոպենհագենի «Cinemateket» կինոթատրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում