Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահիւ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստանում տեսնել իր վաղեմի բարեկամին և մեծահամբավ արվեստագետին: Բարձր գնահատելով Մաքսիմ Վենգերովի արվեստը՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հանդիսատեսը հերթական անգամ հնարավորություն կունենա վայելելու վիրտուոզ ջութակահարի բարձր արվեստը:

Սերգեյ Սմբատյանը ընթացիկ համերգաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից է համարել այն‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ստորագրած հուշագրի համաձայն՝ Մաքսիմ Վենգերովը 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես է գալու որպես նվագախմբի ռեզիդենտ արտիստ։

Մաքսիմ Վենգերովը‚ շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար‚ խոսել է Հայաստանի հետ իր սերտ կապերի մասին և ընդգծել‚ որ այդ կապերն էլ ավելի են ամրապնդվում ամեն անգամ Հայաստան այցելելով‚ երաժշտասերների կողմից ջերմ ընդունելության արժանանալով։ Նա անդրադարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը և առաջիկա համատեղ ծրագրերին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում