Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ տարեվերջյան հանդիպումը լավ առիթ է ամփոփելու համատեղ ծրագրերի ընթացքը և հասկանալու առաջիկա անելիքները: Մհեր Գրիգորյանը Սեբաստիան Մոլինեուսին ներկայացրել է նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքները, որի ընթացքում համապարփակ կերպով և շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել ստեղծված արդյունավետ համագործակցության համար և կարևորել Համաշխարհային բանկի խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, առողջապահության, կրթության ոլորտներին առնչվող ծրագրերը և դրանց մանրամասները: Սեբաստիան Մոլինեուսը ներկայացրել է այլ երկրներում հաջողված փորձն ու կարևորել մարդկային կապիտալի զարգացման ոլորտում նախաձեռնված քայլերը: Փոխվարչապետը, բարձր գնահատելով Համաշխարհային բանկի գիտելիքների ու փորձի պաշարները, նշել է, որ անհրաժեշտություն կա համագործակցելու նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ապահովելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում