Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ իրենց իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չկան

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ իրենց իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չկան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ իրենց իշխանության օրոք Հայաստանում քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից հետո Հայաստանի հանրապետական կուսակցության այն հայտարարությանը, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Հայաստանի Հանրապետությունում, առնվազն մեր իշխանության օրոք, քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում