Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «CITIC Construction» ընկերության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «CITIC Construction» ընկերության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 29-ին ընդունել է չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը և դրա հետ կապված տարբեր տեխնիկական, լոգիստիկ, ֆինանսական և սպառման շուկաների հարցեր։ Տիգրան Ավինյանն ընդգծել է ինչպես բնապահպանական ամենաբարձր չափանիշների պահպանման, այնպես էլ պարզապես հանքանյութի արտահանումից դեպի մետաղագործություն անցում կատարելու կարևորությունը։

Յան Ցզյանցյանը հետաքրքրվել է նաև Հայաստանում ներդրումներ կատարելու այլ հնարավորություններով, ինչի մասին չինական կողմին կտրամադրվի համապարփակ տեղեկատվություն։

Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները պղնձաձուլարանի վերաբերյալ և անցնել առավել առարկայական քննարկումների փուլ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում