ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱԻՆ նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ արվել է տարհանում, կինոլոգները փնտրում են: