ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ.Ա.) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ա.):
«Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, Վ. Ա.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. Վ.Ա.-ն և ուղևոր Ա.Ե.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն և հոսպիտալացվել են»,-նշված է հաղորդագրության մեջ։