Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի մասնակիցների

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:

Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ հանրապետության նախագահը, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային կենտրոն: Ողջունելի է, որ աշխարհի տարբեր երկրներից տաղանդավոր երաժիշտներն ավելի շատ են այցելում մեր երկիր»:Հյուրերը պատմել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների վերապատրաստման և այլ ծրագրերի մասին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է արվեստի ու երաժշտության ոլորտում փոխգործակցությունը և համատեղ տարբեր նախագծերի, նոր փառատոնների կազմակերպումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացմանը:

Նշելով, որ նախագահական նստավայրում նույնպես մշակութային տարբեր միջոցառումներ են անցկացվում, Հանրապետության նախագահն առաջարկել է այդ շրջանակում կազմակերպել դասական երաժշտությանը նվիրված համերգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում