Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները: Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Ընդհանուր առմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:

«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլ»-ի և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլ»-ը համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:

2020 թվականին «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում