Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Կորեայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Սոկ-Բեն ասել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ և նշել, որ Կորեան պատրաստակամ է Հայաստանի հետ կիսվել իր փորձառությամբ:

Փոխվարչապետը կարևորել է վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, ինչը անհարժեշտ ազդակ և իրավական հիմք կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Տիգրան Ավինյանը նաև գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում առկա առաջխաղացման կապակցությամբ. 2019թ. առաջին կեսին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կորեացի զբոսաշրջիկների թվաքանակը ավելացել է 38%-ով: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու հարցը:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Կորեական միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրած զարգացման աջակցության համար: Քննարկվել է գործակալության կողմից Հայաստանում նոր ծրագրերի իրականացումը:

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Տիգրան Ավինյանն առաջարկել է ուսումնասիրել կորեական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում