Հայաստանում մեկնարկում է սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրման նոր ծրագիր

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականից Հայաստանում իրականացվող «ԻՐԻՍ» ծրագրի շրջանակում կյանքի է կոչվում նոր բաղադրիչ՝ ուղղված սիրիահայերի, տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Նոր բաղադրիչի՝ «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորի, նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում: Դրանից բացի նպաստել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Արդյունքում, նախատեսված է, որ Հայաստանում կստեղծվեն նոր փոքր և միջին ձեռնարկություններ, կյանքի կկոչվեն նոր բիզնես գաղափարներ, կամ գործող ձեռնարկությունները կընդլայնվեն: «ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր բյուջեն 3.3 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, որից 1,9 մլն եվրոն ուղղվելու է տնտեսական ինտեգրման բաղադրիչին:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ, «ԻՐԻՍ» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ աջակցությունը տրամադրվում է բիզնես ինկուբացիայի մեթոդով, դա ենթադրում է բիզնես գաղափարի զարգացման փուլից մինչև կայուն գործունեություն, ներառելով նաև ֆինանսավորումը:

«Այսինքն՝ այս բաղադրիչի շնորհիվ կոնկրետ անձին տրամադրվում է բիզնես աջակցության ամբողջական շղթա: Խորհրդատվություն, հմտությունների կատարելագործում, իրազեկում, ընդհուպ մինչև ֆինանսավորում: Ամբողջ ընթացքում մասնագետների թիմը գտնվելու է իրենց կողքին: Ասեմ, որ մենք չունենք ոլորտային սահմանափակում, սակայն ունենք առաջնահերթություններ, օրինակ, ոսկերչություն, զբոսաշրջություն, սննդի վերամշակում, գյուղատնտեսություն և այլն»,-ասաց Լուսինե Ստեփանյանը:

Սիրիական ճգնաժամով պայմանավորված Հայաստան են տեղափոխվել 22-24 հազար սիրիահայեր: Տարբեր տվյալների համաձայն, ներկայում Հայաստանում գտնվում է 14-16 հազար սիրիահայ: Լուսինե Ստեփանյանը նկատեց, որ սիրիական ճգնաժամի տարիներին նրանք կորցրել են սերունդների կողմից ստեղծվածը, կապերը, հնարավորությունները, գտնվում են խոցելի վիճակում: Այս տարիների ընթացքում պետության, մի շարք կազմակերպությունների կողմից իրականացվել են աջակցության տարբեր ծրագրեր: Նրա խոսքով, փորձը ցույց է տվել, որ զարգացման և հումանիտար ծրագրերի համադրումն է նպաստում կայուն ինտեգրմանը: «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորն այդ նպատակն է հետապնդում:

«Սիրիահայերը թեպետ խոցելի վիճակում են, սակայն ունեն մասնագիտական հմտություններ, գիտելիքներ, բիզնես փորձառություն, արաբական շուկա դուրս գալու համար կապեր: Բիզնես ինկուբատորը մի կողմից նպատակ ունի նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, բիզնես նոր մշակույթի ձևավորմանը, մյուս կողմից՝ աշխատելով ձեռնարկատերերի հետ, նրանց հասցնել կայուն եկամտաբեր գործունեությանը»,-ասաց նա: Ծրագրի հնարավորություններից օգտվելու համար կարող են դիմել ինչպես սիրիահայերը, տեղացիները, այնպես էլ ԵՄ-ից վերադարձող հայ միգրանտները, հայրենադարձները:

«ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանը նշեց, որ իրենց թիմը համալրվել է ոլորտի լավագույն մասնագետներով:

«Այսօրվանից արդեն ցանկացողները կարող են դիմել: Ֆինանսավորումն իրականացվելու է դրամաշնորհներով ու փոխառություններով: Կարող են դիմել անձինք, ովքեր ունեն գաղափար, սակայն չունեն հմտություններ, թե ինչպես վարեն իրենց բիզնեսը: Հաջորդը կարող են դիմել բիզնես նախաձեռնությունների հեղինակները, որոնք մինչև երեք տարվա փորձ ունեն, իրենց օգնելու ենք, որ կարողանան մշակեն համոզիչ բիզնես ծրագրեր: Երրորդ խումբը փոքր միջին բիզնեսն է: Նրանք փորձագետների օգնությամբ կկարողանան ավելի կայուն դարձնել բիզնեսը և ունենան ընդլայնման հնարավորություն»,-ասաց Նարինե Թերզյանը:

Խոսելով ՓՄՁ ոլորտում խնդիրներից՝ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»-ի նախագահ Ռուբեն Օսիպյանը նշեց, որ ամենից առաջինը ֆինասների անհասանելիությունն է: Դրանից բացի, ՓՄՁ-ների ընդամենը 10 տոկոսն է նորամուծություններ ներդնում իր բիզնեսում: Խոսքը ոչ միայն նոր տեխնիկայի, այլև բիզնեսի վարման նոր հմտությունների մասին է:

«Լինում են դեպքեր, երբ դարերից եկած «սև սպիտակ» հաշվապահություն է վարվում, որի հետևանքով, բիզնեսի ղեկավարը չի իմանում, թե իր շահութաբերությունը որքան է: Շատ դեպքերում անձն իր բիզնեսի դրամարկղը և սեփական գրպանը չի տարբերակում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս անձին ինկուբացիոն շրջան անցնել, տեղեկատվություն ստանալ, կապեր հաստատել, հմտություններ ձեռքբերել, ֆինանսավորում ստանալս» ,-ասաց Ռուբեն Օսիպյանը:

«ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից: Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ «ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր ղեկավար Միխայել Գրաբները նշեց, որ հիմնական նպատակն է բարձրացնել սիրիահայերի ու տեղացիների սոցիալ- տնտեսական ինտեգրումը, տնտեսական ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

«Այդ նպատակին մենք ուզում ենք հասնել մի քանի բաղադրիչով՝ սոցիալական, առողջապահական, կրթական ուղղվածություն, օգնել բարելավել սիրիահայերի տնային պայմանները՝ սուբսիդիաների միջոցով: Մյուս կարևոր բաղադրիչը տնտեսական ինտեգրումն է: Ուզում եմ նշել, որ այս ծրագիր ստեղծվել է արդեն իրականացված մի քանի ծրագրերի փորձի հիման վրա, որոնք ևս ֆինանսավորվել են ԵՄ-ի կողմից»-հավելեց Միխայել Գրաբները:

Հայերեն العربية English

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա