Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տանզիլա Նարբաևան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։

Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ու ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է.«Ժամանակն է նոր թափ ու որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին»։

«Հայ-ուզբեկական կապերն ունեն պատմական խորը արմատներ, որոնք արժևորվում են երկու երկրներում»,-նշել է Սենատի նախագահը։ Նա ընդգծել է Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը՝ նշելով, որ նրանք վայելում են ուզբեկ ժողովրդի հարգանքը և բարեկամական վերաբերմունքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունների շուրջ։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է նոր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտների զարգացմանն ուղղված նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համատեղ գործունեության մեծ հնարավորությունները։

Տանզիլա Նարբաևան ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում