Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել վերջերս Սերբիա կատարած պաշտոնական այցը ևձեռք բերված գործնական պայմանավորվածությունները։

Նա ևս մեկ անգամ ողջունել է սերբական կողմի որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։

Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետը վերահաստատել են Բելգրադում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես անդրադարձել սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու մտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությանը։ Վարչապետ Բռնաբիչն ասել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալու համագործակցության ուղղություններին ու հնարավոր ծրագրերին։

Սերբիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կստորագրի Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։«Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Սերբիայի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում