Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի գործերը կհնչեցնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 18-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում հանդես կգա լայնամասշտաբ համերգային ծրագրով: Երգչախումբը երեկոյին կներկայացնի Կոմիտասի հարուստ ու բազմաժանր երաժշտական ժառանգությունը:

«Ամեն անգամ, երբ խոսում ենք մեծն Կոմիտասի մասին, փաստում ենք, որ քիչ ենք նրան ներկայացնում երկրագնդով մեկ: Կոմիտասը մեր ակադեմիական երաժշտության մեծերից է, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Նրա երաժշտությունն ունի առանձնահատկություններ, որոնք հնարավոր չէ գտնել այլ ազգերի երաժշտարվեստում: Այդ մեղեդիները լսելով` օտարները մշտապես մեծ հիացմունք են ապրում: Մենք երջանիկ ենք, որ կարողանում ենք աշխարհում ներկայացնել զարմանահրաշ կոմպոզիտորին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

Նա շեշտեց, որ այսօր մեր երկիրը չի կարող հնարավորություններ ստեղծել, որ երգչախումբը տարվա երեք ամիսը շրջագայի և Կոմիտասի գործերը հնչեցնի տարբեր երկրներում: «Այս համերգը նույնպես շատ ողջունելի է: Հրաշալի է, որ մենք կարող ենք Փարիզի հեղինակավոր սրահում Կոմիտաս կատարել»,-ասաց Մլքեյանը:

Անդրադառնալով համերգի բովանդակությանը` գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ երգացանկում ներառել են Կոմիտասի խմբերգերի բոլոր ժանրերը` քնարական, սիրային, աշխատանքային, ողբերգ, ծիսական, հոգևոր և այլն: Ընդգրկել են նաև Կոմիտասի մեներգեցողությունը, դաշնամուրային գործեր:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում ելույթն աննախադեպ ու պատվաբեր իրադարձություն է մեր մշակութային կյանքում: Նա նշեց, որ այս համերգային ծրագրի նախադրյալները հավանաբար ստեղծվել են դեռ տասը տարի առաջ, երբ երգչախումբը Փարիզում ներկայացել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված ծրագրերով:

«Հրավիրվել էին դասախոսներ Սորբոնի համալսարանից, որոնք Կոմիտասի կյանքի և գործունեության մասին բավականին շատ տեղեկություններ ունեին: Դա ապացուցում է, որ Կոմիտասը համաշխարհային մեծության կոմպոզիտոր է: Օտարները նրան ճանաչում են, խոնարհվում են նրա առաջ»,-շեշտեց տնօրենը:

Համերգին որպես մենակատարներ հանդես են գալու դաշնակահարուհի Նվարդ Ալոյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, տենորներ Ռազմիկ Բաղդասարյանը և Վրեժ Ղարիբյանը, բաս Արմեն Գրիգորյանը, բարիտոններ Հովհաննես Գրիգորյանն ու Մավր Մկրտչյանը, մեցցո սոպրանո Աշխեն Թադևոսյանը:

Վարդապետի հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին կոլեկտիվի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ:

Համերգային ծրագրերն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում