Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում
1 րոպեի ընթերցում
![Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/990942.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում: Երևանում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով սոցիալական ցանցերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվության մասին հարցին, Քարդաշյանը նկատեց, որ այն կարող է լինել շատ օգտակար, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում:
«Կարող է լինել արդյունավետ, քանի որ սոցիալական ցանցերը մեծ հասանելիություն ունեն: Ինչու ոչ. չօգտագործելու պատճառ չեմ տեսնում: Լավ է, երբ քաղաքական գործիչները սոցիալական ցանցերում ակտիվ են, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում: Կարծում եմ, որ դա կարող է օգտակար լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: