Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է.«Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանի Դաշնությունում»:

Նշելով, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկրներ են, նախագահն ասել է.«Դուք Հայաստանի Հանրապետության ամենալավ դեսպաններն եք Ռուսաստանում՝ լինելով այդ երկրի քաղաքացիներ, քանի որ ներկայացնում եք մի ամբողջ ժողովուրդ և պետություն: Հայաստանի նախագահի աշխատակազմը պատրաստ է աջակցել ցանկացած դրական և լավ նախաձեռնության, որ պատրաստ կլինեք սկսել՝ մշակույթի, գիտության կամ բիզնեսի ոլորտում»:

Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է նախագահական հատուկ նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, Մատենադարանը հին ձեռագրերի ուսումնասիրման և պահպանման միջազգային կենտրոն դարձնելու և «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունները, ինչպես նաև խոսել Գյումրու վերականգնմանն աջակցելու իր ծրագրերի մասին:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հանդիպման համար և ներկայացրել Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները:

Այնուհետև նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում