WCIT 2019. Հայաստանը պատրաստ է լինել ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը երկրում իր շուրջը կհամախմբի ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմերի ներկայացուցիչների, հաջողությունների հասած հայտնի հայերի և օտարերկրացիների: Ակնկալվում է, որ համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների ներկայացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: «Արմենպրես»-ը համաժողովի նախապատրասական աշխատանքների, բանախոսների ու սպասվող հետաքրքիր նորությունների շուրջ խոսել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ,«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ:

-Պարոն Եսայան, հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելու է ՏՏ համաշխարհային համաժողովը, ովքե՞ր են լինելու բանախոսները, ի՞նչ է մեզ սպասվում:

- Նախ նշեմ, որ WCIT-ին են միանալու նաև արտերկրում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները` պատմելու իրենց ընկերությունների և իրենց անձնական հաջողությունների մասին, խոսելու քննարկվող թեմաների շուրջ: Այդ անձանցից են «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը, ով կխոսի սոցիալական ցանցերի ընդհանուր ազդեցության և հարթակների օգտագործման արդյունավետության և դրանց խնդիրների մասին, «PicsArt» ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, «Pixar» անիմացիոն ստուդիայի ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը, «Agenus» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գարո Արմենը: Հայաստանում անցկացվող համաժողովին մեծ մասնակցություն են ունենալու նաև «Yandex» ընկերությունից, մասնակցելու է ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանը, ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը, մեր ռեգիոնալ ընկերության տնօրեն Արամ Սարգսյանը: Զեկույցներով հանդես են գալու նաև «Synopsys» ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը, հայտնի գիտնական, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և մեծ հաջողությունների հասած շատ այլ հայեր: Զեկուցողների թվում են նաև արտերկրից CNN-ի բիզնես թղթակից Ռիչարդ Քուեսթը, «VMware»-ի գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, «VaynerX»-ի նախագահ Գերի Վայներչուկը , «Giphy» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Ռուսաստանի հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: WCIT 2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ` փոխտնօրենների կամ ռեգիոնալ տնօրենների մակարդակով: Ընդհանուր բանախոսների թիվը գերազանցում է 100-ը:

-Ւնչպե՞ս և ինչո՞վ է տրվելու համաժողովի մեկնարկը:

- Բացումը սկսում ենք հոկտեմբերի 6-ի ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում համերգով: Աշխարհի 15 երկրներից ավելի քան 70 և հայաստանցի 30 երաժիշտներ կազմելու են WCIT նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Սպասվում է հետաքրքիր անակնկալ, նվագախումբը հանդես կգա աննախադեպ համերգով՝ կատարելով արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Կարծում ենք, որ դա լինելու է մեծ նորություն, աշխարհում առաջին անգամ նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Ելույթ է ունենալու նաև միջազգային ճանաչում վայելողդիջեյԱրմին վան Բյուրենը: Հոկտեմբերի 7-ին արդեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա համաժողովի պաշտոնական բացումը:

-Համաժողովի շրջանակում քննարկվելիք ի՞նչ հետաքրքիր թեմաներ կառանձնացնեք:

-Սպասվում են բավականին հետաքրքիր քննարկումներ: Օրինակ «Արվեստի ապագան» խորագրով քննարկմանը մեզ են միանալու մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում արվեստի բնագավառում՝ այն միևնույն ժամանակ կապելով տեխնոլոգիաների հետ: Քննարկմանը կմասնակցի նաև Սերգեյ Սմբատյանը, նաև արտիստ Ահմեդ Էլ Գամալը, որն աշխարհում հայտնի է արհեստական բանականության կիրառմամբ նկարներ ստեղծելով: «Կայծակնային ռաունդներ»-ը ստարտափերներին ու նորարարներին հնարավորություն կտա մեծ լսարանի առաջ ներկայացնել իրենց գաղափարներն ու ներդրումներ շահել։ Մասնակցելու են մոտ 100 ընկերություններ, որոնցից 60-ը հայկական են, մնացածը՝ արտերկրից, այդ թվում Կանադայից, Ռուսաստանից, Իսրայելից, Սլովակիայից, Անգլիայից, Վրաստանից, Չինաստանից, Ավստրալիայից և այլ երկրներից: Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է "Armenian Technology Communities A-Prize" մրցանակը և 100 000 դոլարի ֆոնդ։ Ներկայում գրեթե չկա ոլորտ, որում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառություն չլինի: «Բիզնեսի փոխակերպում» խորագրով քննարկմանը բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հետաքրքիր քննարկում են անցկացնելու այդ փոխակերպումների վերաբերյալ: «Խելացի քաղաքներ. ուտոպիա, թե հակաուտոպիա» խորագրով քննարկմանը մասնակիցները կխոսեն նորագույն տեխնոլոգիաների դերի մասին, մասնավորապես թե քաղաքներում դրանց կիրառությունն ինչ օգուտ է բերում և ինչ խնդիրներ առաջացնում: Քննարկմանը մասնակցելու են խելացի քաղաքներ կառուցելու համար տեխնոլոգիաներ ստեղծող ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Սիմենս»-ի կայուն զարգացման փոխնախագահը: «Գաղափարների շուկա» քննարկմանը կմասնակցի Քիմ Քարդաշյանը և բավականին հետաքրքիր այլ բանախոսներ: Սոցիալական ցանցերը սկսել են զբաղեցնել մեր օրվա մեծ մասը: Եվ Քարդաշյանը, որպես ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Նույն քննարկմանը «ՊիկսԱրտ»-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը կկիսվի իրենց փորձով, կներկայացնի, թե ինչպես են ստեղծել ընկերությունն ու գրավել մեծ թվով օգտատերերի: «Սև Կարապ» քննարկմանը քննարկում կլինի այն ռիսկերի շուրջ, թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր խափանումներ լինեն ու ավտոմատացված նոր տեխնոլոգիաները չաշխատեն:

-Պարոն Եսայան, որքա՞ն մասնակիցների ենք սպասում WCIT 2019-ին Հայաստանում:

-Սպասում ենք 2500-ից ավելի մասնակիցների ՝ ավելի քան 70 երկրից:

- WCIT 2019-ը Հայաստանում շատ քննարկվեց նաև այն տեղեկության համար, որ հյուրընկալելու ենք հեղինակավոր ընկերությունների, օրինակ «Գուգլ»-ի, «Ֆեյսբուք»-ի առաջին դեմքերին: Ո՞ւմ ենք սպասում իրականում:

-Նորությունը տարածվել է այն ժամանակ, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում հայտարարեց, որ ներկա է լինելու այդ ընկերությունների ղեկավար կազմը: Մենք վերահաստատում ենք նրա այդ միտքը, համաժողովին մասնակցելու են հեղինակավոր շատ կազմակերպությունների ղեկավար կազմեր, սակայն ոչ դրանց առաջին դեմքերը: Մեդիան աղավաղել է ինֆորմացիան։ WCIT 2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, օրինակ «Google»-ի փոխնախագահը, «Infosis»-ի հիմնադիրը, «Siemens», «Ericson» ընկերությունների փոխնախագահները և այլք:

-Համաժողովին սպասվո՞ւմ են արդյոք նորություններ, որոնք առաջին անգամ լինելու են Հայաստանում:

-Առաջին նորությունը ստարտափների մրցույթն է, նախկինում համաժողովի շրջանակում ընկերությունները նման մրցանակ չեն ստացել: Հնարավոր է, որ հաջորդ երկիրը, որտեղ կանցկացվի համաժողովը, շարունակի այդ ավանդույթը: Արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը ևս նորություն է WCIT-ի շրջանակում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հիմնն առաջին անգամ կստեղծի արհեստական բանականությունը՝ միախառնելով տարբեր տարիների հիմները: Այն կհնչի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին:

-Վերջում համաժողովի արդյունքներով թե պետությունը, թե IT ընկերություններն ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ, կա՞ն արդյոք համագործակցության հեռանկարներ:

-Մեծ ակնկալիքներ կան: Նախ Հայաստանը կհայտնվի միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում: 30-ից ավելի արտասահմանյան լրատվամիջոցներ հետաքրքրված են ու կլուսաբանեն WCIT-ն: Բացի այդ գրեթե բոլոր մասնակիցները ղեկավարում կամ գոնե ներկայացնում են առաջատար, բավականին մեծ շրջանառություն ունեցող ընկերություններ: Եվ այդ անձինք հայկական ընկերությունների հետ համագործակցության կամ Հայաստանում որևէ կենտրոն ստեղծելու որոշման մեջ կարող են մեծ դեր ունենալ: Նաև ունենք կազմած առանձին ցանկ, թե արտասահմանյան այդ ընկերություններն ինչով են հետաքրքրված և հայկական ինչ ընկերություններ ունենք, որ կարող են նրանց հետաքրքրել:

-Պարոն Եսայան, նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:

-Բավականին ծավալուն աշխատանք ենք իրականացնում: Աշխատանքներին ներգրավված են նաև 250-ից ավելի կամավորներ՝ ընդ որում նաև արտերկրից: Գրասենյակում ավելի քան 40 աշխատողների թվում ևս կան կամավորներ։ Կազմակերպչական առումով մեծ համախմբվածություն կա, շուկայում աշխատող IT ընկերություններից ոչ ոք ոչ չի մերժել աջակցության հարցում: Հանրապետության հրապարակում արդեն սկսել են տեղադրել բեմը: Նման մեծության, նման լուսային ու ձայնային էֆեկտներով համերգը եզակի է: Համերգի համար մեծ քանակությամբ տեխնիկական սարքավորումներ են բերվել նաև արտերկրից:

-Նման մասշտաբի համաժողով է տեղի ունենալու Հայաստանում, պետբյուջեից գումար ծախսվելո՞ւ է արդյոք:

- Միայն համերգի կազմակերպման համար դիմել ենք պետությանը` ֆինանսական աջակցության համար: Սակայն ունենք կառավարության ոչ ֆինանսական մեծ աջակցությունը` կազմակերպման ողջ գործընթացում: Ֆինանսական բոլոր ծախսերի համար աջակցում են գործընկերները:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում