Դիրիժոր Անդրեյ Բորեյկոն Հայաստանում կղեկավարի Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան` Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը ղեկավարելու համար, որն առաջին անգամ է հնչելու Հայաստանում։ Այն կատարելու է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մենակատարն անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանն է:

«Արմենպրես»հաղորդմամբ`Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կազմակերպված համերգը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Անդրեյ Բորեյկոն աշխարհի լավագույն դիրիժորներից է, բարձրակարգ պրոֆեսիոնալ, որը եղել է այնպիսի առաջատար նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը, ինչպիսիք են Համբուրգի սիմֆոնիկ, Դյուսելդորֆի սիմֆոնիկ, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Jenaer Philharmonie, Winnipeg Symphony և Բելգիայի ազգային նվագախմբերը: Ներկայումս Բորեյկոն Նեապոլի Ֆիլհարմոնիկի Artis-Naples նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նա վաղուց է ծանոթ Մանսուրյանի ստեղծագործություններին և առաջին անգամ Հայաստան է ժամանել հատուկ մաեստրոյի հոբելյանին մասնակցելու և նրա ստեղծագործությունը ներկայացնելու համար:

Մանսուրյանն իր կոնցերտն այսպես է բնութագրում. «Թավջութակի համար գրված իմ կոնցերտը մեկ մասից է՝ բաղկացած երեք ենթամասերից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ծրագրված էր ապրիլի 24-ին: Այն 1915 թվականի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը և բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Կայենի կողմից Աբելի սպանության աստվածաշնչյան այս դրվագը մարդկային առաջին ոճրագործությունն է և եղբայրասպանության սիմվոլը: Ես մտադիր էի այս ստեղծագործությունը Ռեքվիեմի բնույթով ներկայացնել, և ինքս ինձ համար այն անվանեցի “Kyrie eleison”, “Dies irae” և “Lacrimosa”»:

Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի ապրիլի 24-ին, Քյոլնում, (մենակատար՝ Յան Ֆոգլեր, դիրիժոր՝ Սեմյոն Բիչկով):

Սեպտեմբերի 27-ի համերգի առաջին բաժնում Հայաստանում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի թավջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Դվորժակի թիվ 9 «Նոր աշխարհ» սիմֆոնիան:

Այս համերգը յուրահատուկ իրադարձություն է մեր երկրի երաժշտական կյանքում և Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևորագույն իրադարձություններից է: Փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Հեղինակավոր «Gramophon Classical Music Awards»-ի մրցանակակիրներ դաշնակահար Էշլի Վոսը և ջութակահար Բորիս Բրովցինը ալտահար Դավիթ Աբրահամյանի հետ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի նվագակցությամբ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը: Փառատոնի փակման համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում