Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան մասնակցելու Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Չինաստանի առևտրի փոխնախարարի մասնակցությամբ Երևանում կայացած հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները իրացնելու այն մեծ ներուժը, որ կա երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում:

Փոխվարչապետը ներկայացրել է այն բոլոր հնարավորությունները, որ ընձեռում է Հայաստանը գործարարների համար՝ անդրադառնալով մեր երկրի տարանցման ներուժին և առավելություններին: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ նաև երկու երկրների բիզնես կապերի և շփումների զարգացման գործում:

Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստին Չինաստանից ժամանած պատվիրակության ներկայացվածությունը վկայում է Չինաստանի ցանկության մասին Հայաստանի հետ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Չինաստանի նախարարի տեղակալը խոսել է այն պատմական կապերի և ընդհանրությունների մասին, որ ունեն Հայաստանն ու Չինաստանը՝ շեշտելով, որ երկու հնագույն քաղաքակրթությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, դեռ համագործակցության նոր հնարավորություններ ունեն բացահայտելու:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությանը, այնպես էլ Հայաստանում մեծ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարևորությանն ու դրանց տարածաշրջանային բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ այսուհետ Հայաստանի և Չինաստանի միջև շփումները կակտիվանան և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում