Հասարակական

Հրաչյա Սարիբեկյանը դասախոսությամբ անդրադարձավ ընթերցանության եղանակների զարգացմանը

3 րոպեի ընթերցում

Հրաչյա Սարիբեկյանը դասախոսությամբ անդրադարձավ ընթերցանության եղանակների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, արձակագիր, Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը հարստացրեց ուսանողների գիտելիքները`դասախոսություն կարդալով տարբեր ժամանակաշրջաններում ընթերցանության ձևերի, դրանց յուրահատկությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ և գրականությամբ հետաքրքրված մարդիկ, տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում: Գրադարանի փոքր ցուցասրահում ներկայացված էր ընթերցանության պատմությանը վերաբերող գրականություն:

«Խոսելու եմ ընթերցանության մասին, որպես արևմտաեվրոպական քաղաքակրթության մշակույթի: Պատմելու եմ, թե գալարագրերից հետո ինչ տվեց թերթերով գիրքը, ինչ սովորություններ առաջ բերեց: Օրինակ`թղթագալար կարդալիս մարդիկ ստիպված էին երկու ձեռքով այն պահել, իսկ թերթերով գիրք ընթերցելիս մի ձեռքն ազատվում էր և հնարավոր էր դառնում տեքստն արտագրել, ինչն էլ տեքստի հանդեպ քննադատական մոտեցում էր ձևավորում»,-պատմեց Սարիբեկյանը:

Նրա խոսքով`անտիկ ժամանակաշրջանում կային մարդիկ, որոնք թղթագալարի տեքստն ընթերցում էին մյուսների համար: Գրքի էջերը թերթելով` մարդն ինքն էր տեսնում այն, ինչն էլ կրկին նպաստում էր բովանդակության վերաբերյալ քննադատական մոտեցման ձևավորմանը:

Դասախոսությանը Սարիբեկյանը խոսեց նաև այն մասին, թե որ շրջանում են մարդիկ բարձրաձայն ընթերցել, որ շրջանում` ցածրաձայն, թե ինչ է տվել շշուկով ընթերցանությունը: Գրականագետը ներկայացրեց, թե որ ժամանակաշրջանում որտեղ են սիրել ընթերցել, ինչ սովորույթներ են ունեցել ընթերցանության հետ կապված, ովքեր են եղել ընթերցողները տարբեր ժամանակներում և այլն: Նա ընդգծեց, որ կանայք սկսել ել ընթերցանությամբ զբաղվել 19-րդ դարում:

Չմոռանալով անդրադառնալ գրադարաններին`Սարիբեկյանը ասաց, որ առաջին գրադարանները գիրք պահելու գործառույթ են իրականացրել, իսկ միջնադարում վերածվել են ընթերցանության վայրերի: «Անտիկ աշխարհում բաց տարածքներում են կարդացել, իսկ մեր ժամանակներում գիրքը գրադարաններից մուտք է գործել մեր տուն, մետրո և այլ հանրային վայրեր: Հիմա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կարդալ ցանկացած վայրում, ու մարդը ստիպված չէ գրադարանն իր հետ ման տալ»,-ասաց գրադարանի տնօրենը:

Սարիբեկյանը կարևորեց էլեկտրոնային գրականության առկայությունը` շեշտելով, որ այն մարդուն հնարավորություն տվեց իրականացնել ունիվերսալ գրականություն ունենալու երազանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում