Հասարակական

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Ակունք համայնքում ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Ակունք համայնքում ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

ԳԱՎԱՌ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Ակունք համայնք: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը դիտարկեց ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Գնել Սանոսյանը դիտարկեց նաեւ համայնքի խմելու ջրատարի մեկ կիլոմետր երկարությամբ ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնք ընթանում են սուբվենցիոն մեկ այլ ծրագրով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Նույն ծրագրի շրջանակներում կառուցվում է նաեւ երկաթյա կիսախողովակներով ջրահեռացման համակարգ եւ ոռոգման ցանց մի քանի թաղամասերում:

Գնել Սանոսյանն այցելեց նաև Ակունքի մանկապարտեզ, ծանոթացավ համայնքի միջոցների հաշվին համայնքային մի շարք խնդիրների կարգավորմանն ուղղված աշխատանքներին, տվեց ցուցումներ եւ հանձնարարականներ, սոցիալական եւ բնակարանային խնդիրների շուրջ քննարկում անցկացրեց ակունքցիների հետ:

Աշխատանքային այցի ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Ակունք համայնքի «Էկոկաթ» պանրի արտադրամաս, շրջայց կատարեց արտադրամասերում, ծանոթացավ արտադրական պայմաններին եւ հզորություններին: «Արտահանման ծավալներն այստեղ տարեցտարի կայուն աճ են գրանցում: Արտահանումն իրականացվում է հիմնականում Բելառուս եւ Ղազախստան: Արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է, տեղական շուկային բաժին է մնում արտադրանքի 30 տոկոսը»,-ներկայացրեց «Էկոկաթ» ձեռնարկության ղեկավար Արթուր Մովսիսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում