Պաշտոնական

Արմեն Սարգսյանն այցելել է հայտնի Թեյդե աստղադիտարան

3 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն այցելել է հայտնի Թեյդե աստղադիտարան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է հանրահայտ Թեյդե աստղադիտարան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասաակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ծանոթացել է աշխարհի ամենամեծ՝ Լա Պալմայի Gran Telescopio Canarias օպտիկական աստղադիտակը և աշխարհի 3-րդ ամենամեծ՝ GREGOR արևային աստղադիտակն ունեցող աստղադիտարանի աշխատանքներին և իրականացվող ուսումնասիրություններին։ Նախատեսվում է, որ շուտով կսկսվի նոր աստղադիտակի կառուցումը, որի տրամագիծը կլինի շուրջ 50 մետր։

Նախագահ Սարգսյանը Թեյդեի ղեկավարության հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, միշտ մեծ ուշադրություն է դարձրել գիտության զարգացմանը՝ նշելով նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին:«Կցանկանայի, որ ապագայում ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներում: Աստղագիտությունը միայն աստղադիտակ չէ, այլև նոր տեխնոլոգիաներ են, մաթեմատիկական մոդելավորում է: Մենք ունենք նախագահական նոր նախաձեռնություն, որը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը,- ասել է նախագահը:- Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, համագործակցելու ենք աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ինչպիսիք են «Դասո Սիսթեմս»-ը, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, IBM-ը և այլն: Ուրախ կլինենք համագործակցել նաև Թեյդեի հետ: Կարծում եմ՝ համագործակցության լուրջ հնարավորություններ կան նաև Թեյդեի ու Բյուրականի աստղադիտարանների միջև»:

Նախագահ Սարգսյանը Թեյդե աստղադիտարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մոտ օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի գիտատեխնոլոգիական հաստատությունների և Թեյդեի միջև փոխգործակցության զարգացմանը։

Աշխարհի ամենահայտնի աստղադիտարաններից մեկը համարվող Թեյդե աստղադիտարանը՝ հարևան Լա Պալմա կղզու վրա գտնվող Roque de los Muchachos Observatory-ի հետ միասին, կառավարվում է Կանարյան աստղաֆիզիկայի ինստիտուտի կողմից և հանդիսանում Եվրոպական հյուսիսային աստղադիտարանի (ENO) մաս։ Թեյդե աստղադիտարանի գիտական գործունեությունն ընդգրկում է հիմնականում արևային ուսումնասիրությունների և ռոբոտատեխնիկական աստղագիտության ոլորտները: Այստեղ են կենտրոնացված նաև Եվրոպայի լավագույն արևային աստղադիտակները: Աստղադիտարանի՝ ավելի քան 50 հեկտար զբաղեցնող տարածքում տեղադրված են շուրջ 20 երկրի ավելի քան 60 գիտական հաստատությունների պատկանող արևային և գիշերային աստղադիտակներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում