ԵԱՏՀ-ն հրապարակել է զեկույց ԵԱՏՄ-ում կրիպտոարժույթների խնդիրների և բլոկչեյն շղթաների վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջին անգամ պատրաստել է զեկույց Եվրասիական տնտեսական միությունում կրիպտոարժույթների զարգացման և բլոկչեյն շղթաների ձևավորման վերաբերյալ։ Զեկույցի խորագիրն է «Կրիպտոարժույթները և բլոկչեյնը որպես նոր տնտեսության բաղկացուցիչ. Միության անդամ երկրների և միջազգային փորձի ուսումնասիրությունը և զարգացման հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում»։

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», զեկույցը հիմնված է 2017-2019 թվականներին Հանձնաժողովի անցկացրած փորձագիտական հանդիպումների և քննարկումների վրա, ինչպես նաև պարունակում է անդամ պետությունների գործարար և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների տեսակետները: Միության չորս երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում անցկացվել են ութ քննարկումներ և սեմինարներ:

ԵԱՏՀ-ն առաջարկում է ներկա փուլում ներդաշնակեցնել եվրասիական տարածքում իրավական կարգավորումները՝ հիմնվելով անդամ երկրների բլոկչեյն տեխնոլոգիաների իրավական կարգավորումների վրա։ Դա կապահովի Միության երկրների տնտեսության նոր ոլորտների միջև անարգել փոխհամագործակցության ձևավորում և կնվազեցնի ԵԱՏՄ տարածքում իրավական մրցակցությունը:

Հանձնաժողովը ոլորտի փորձագետների հետ համատեղ պատրաստել է բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք կարող են ներդաշակեցվել միության բոլոր երկրներում։ Տերմինաբանությունը և սկզբունքների մշակման աշխատանքները կավարտվեն շահագրգիռ կողմերի հետ վերջնական քննարկումների արդյունքում:

ԵԱՏՀ մակրոտնտեսական քաղաքականության բաժանմունքն ուսումնասիրում է կրիպտոարժույթի և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտը ԵԱՏՄ-ում 2017 թվականի դեկտեմբերից։ Ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում՝ ԵԱՏՀ-ն առանձնացրել է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հիմնախնդիրները որպես Միության առջև ծառացած գլոբալ մարտահրավեր։

Զեկույցում նշված է, որ ՀՀ-ում նշված ոլորտի կարգավորման համար դեռևս ընդունված չէ որևէ նորմատիվային ակտ կամ փաստաթուղթ։ Սակայն փորձագիտական համայնքը առաջարկություններ է մշակում կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի ձևավորման նպատակով, ինչպես նաև իրականացնում են խորհրդատվություններ նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Մասնագիտական հանրությունը և կառավարության ներկայացուցիչները կատարում են միջազգային փորձի ուսումնասիրություն նախ և առաջ հարևան և գործընկեր երկրների օրինակով՝ փորձելով այս երկրների պրակտիկան համապատասխանեցնել հայաստանյան պայմաններին։ Բացի այդ, քննարկվում է նաև պետական միջամտության անհրաժեշտության հարցը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում մտադիր են ստեղծել բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար ազատ տնտեսական գոտի, որը կնպաստի բարձր տեխնոլոգիական նախագծերի զարգացմանը ՀՀ-ում, կներգրավի ներդրումներ և կստեղծի նոր աշխատատեղեր։ Ընդհանուր առմամբ այն լրացուցիչ ազդակ է երկրի տնտեսության զարգացման համար։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը թվային ֆինանսական ակտիվների մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների պահպանման և շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաև դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները:

Հայերեն

Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է. ՔԿ

Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսական բարձր աճի օգուտները հավասարապես հասանելի չեն երկրի բոլոր բնակիչներին. Համաշխարհային բանկ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում 126 հրշեջ է տուժել կրակի դեմ պայքարի ժամանակ

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

Բազմազան ուտեստներ, համերգային ծրագիր. Ստեփանավանը կհյուրընկալի Խորովածի փառատոնը

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

Իրանից գազի ծավալներն ավելացնելու հնարավորություններ կան. Խուդաթյան