Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի «փոքր հայրենիք»՝ Ահնիձոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ. Հրանտ Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» վերնագրված ակնարկն է եղել, իսկ հարազատ գյուղը այս կամ այն կերպ՝ հերոսների, իրադարձությունների, բառապաշարի ու պատմությունների տեսքով ընկած է Մաթևոսյանի գրական ստեղծագործության հիմքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը՝ Համո Մաթևոսյանը: Նախագահ Սարգսյանը գրողի եղբոր և որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է տանը, Մաթևոսյանի հեռակա մասնակցությամբ սեղան նստել ու հաց կիսել գրողի հարազատների հետ: Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Մաթևոսյանները հետաքրքիր պատմություններ են հիշել Հրանտ Մաթևոսյանի կյանքից, ուշագրավ դրվագներ պատմել, անդրադարձել նրա ստեղծագործություններին։ Նախագահը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել, և որտեղից հոգևոր սնունդ են ստացել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները:«Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»,-ընդգծել է նա։

Հանրապետության նախագահը, բարձր գնահատելով Հրանտ Մաթևոսյանի գործերը, ասել է, որ դրանք այսօր էլ արդիական հնչողություն ունեն։

Դավիթ Մաթևոսյանը, ով «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենն է, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը: Կարևորելով մեծ գրողի թողած գրական ժառանգության վերաիմաստավորումը և նշելով, որ 2020 թվականին լրանում է Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակը՝ նա անդրադարձել է նաև Երևանում գտնվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին: Դավիթ Մաթևոսյանը կարևոր է համարել, որ Հրանտ Մաթևոսյանի կյանքը, գրականությունն ու արվեստն ըստ արժանվույն ներկայացվեն հասարակությանն ու ընթերցողներին:

Ի հիշատակ Հանրապետության նախագահի այցի՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը Արմեն Սարգսյանին է նվիրել գրողի երկհատորյակը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մաթևոսյանի այդ գիրքն արժանի տեղը կգտնի իր գրադարանում՝ Մաթևոսյանի մյուս ժողովածուների կողքին: Արմեն Սարգսյանն ասել է, որ ոգևորված ու հարստացած է հեռանում Մաթևոսյանների օջախից՝ իր հետ տանելով հաճելի հիշողություն և մի հրաշալի կտոր մաթևոսյանական աշխարհից:

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին