Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 12-ին ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և համոզմունք հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-էմիրաթական համագործակցության համար՝ հատկապես տնտեսական ոլորտում: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև հաստատված համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ասել է, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար և իրենք ցանկանում են մաս լինել խորացող հայ-էմիրաթական համագործակցության, ինչպես նաև սատարել Հայաստանին՝ կայուն էներգետիկ զարգացման նպատակներին հասնելու գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը և ներդրումային հնարավորությունները ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ համակարգում երկրի դերը:

Ավելի ուշ փոխվարչապետը ներկա է եղել «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում