«Գիեդանիի պորտը» ֆիլմը բացահայտում է սապոտեկ ցեղի յուրահատուկ հարաբերությունները վերնախավի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» ֆիլմում սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջիկ՝ Գիեդանին, մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում: Աղջիկը չի համակերպվում իր կարգավիճակին, ընդդիմանում է տիրող կարգուկանոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2018 թվականին նկարահանված մեքսիկական ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Շավի Սալան ասաց, որ իր ֆիլմը հաճախ են համեմատում օսկարակիր «Ռոմա» կինոնկարի հետ: Երկու ֆիլմում էլ անդրադարձ է կատարվում տեղացիների և բարձր խավի ներկայացուցիչների հարաբերություններին, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքին, ընկալումներին:

«Իմ ֆիլմում կարևոր է այն, որ հերոսն ունի ընտրելու իրավունք` լինել հպատակ, թե ըմբոստանալ տիրող իրավիճակին: Նա ընտրում է պայքարի ճանապարհը, ցանկանում է հաղթել: Մենք ընդգծել ենք դասակարգային պայքարի խնդիրը: Այս կինոնկարը դժվար թե սիրով դիտեն բարձր խավի ներկայացուցիչները, որովհետև ես շեշտում եմ, որ, մեղմ ասած, միշտ չէ, որ նրանց և բնիկների հարաբերությունները հարթ են, բարիդրացիական»,-ներկայացրեց ռեժիսորը:

Նրա համոզմամբ` այն խնդիրները, որոնք արծարծվում են «Գիեդանիի պորտը» կինոնկարում, միշտ էլ արդիական են և կարևոր: «Ես սապոտեկ ցեղի հետ հարազատություն եմ զգում, որովհետև Կատալոնիայից եմ և անցել եմ այն ճանապարհը, որն անցել են նրանք: Ավելի քան հինգ տարի ապրել եմ սապոտեկ ցեղի հետ: Շատ լավ հասկանում եմ նրանց. և՛ մենք, և՛ նրանք ինքնության պահպանման խնդիր ունենք»,-շեշտեց Շավի Սալան և հավելեց, որ ֆիլմի հիմքում հորինված պատմություն է, որն արտացոլում է իրականությունը, իսկ գլխավոր հերոսուհու դերակատարին ռեժիսորը փնտրել է ավելի քան երկու տարի:

Շավի Սալան կատալանախոս Վալենսիայի Ալիկանտե քաղաքից է. Մեքսիկայի քաղաքացիություն ունի: Լրագրություն է ուսանել: Սցենարիստ է, ռեժիսոր և կինոպրոդյուսեր: Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի: Սալայի ինը կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոնների են մասնակցել՝ շահելով ավելի քան 80 մրցանակ և միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին: Լատինական Ամերիկայի, Իսպանիայի, Աֆրիկայի միջազգային կինոսեմինարներում նա երիտասարդներին է փոխանցել կինոդրամատուրգի իր փորձը: «Գիեդանիի պորտը» նրա առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է:

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը