Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է Դոնալդ Տուսկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, մանավանդ որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։

«Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլև այն երկիրն է, որը մասնավորապես մշակութային առումով խորապես եվրոպական է և միշտ է այդպիսին եղել։ Ուստի, ավելի քան բնական է, որ ավելի մոտ ենք դառնում Եվրամիությանը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան՝ սկսած մեր կրոնից, մշակույթից մինչև գրականություն ու երաժշտություն»,- նշել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հարաբերությունները Եվրամիության հետ ավելի կսերտանան և կխորանան։«Մենք դրա համար մեծ ներուժ ունենք»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նա Դոնալդ Տուսկին հրավիրել է Հայաստան այցելել նաև ընտանիքի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սա իր երրորդ այցն է Հայաստան։«Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,- նշել է նա։

Առանձնազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն օրակարգային մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցությանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում