«Ոսկե ծիրան»-ը համատեղ ծրագրեր է իրականացնելու եվրոպական երկրների դեսպանությունների հետ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվելու է հուլիսի 7-14-ը, իրականացվելու են համատեղ ծրագրեր ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի, Իտալիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության դեսպանությունների հետ համագործակցության արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին համագործակցող կողմերի ներկայացուցիչները:

«Ըստ իս` «Ոսկե ծիրանը» կարևոր կինոփառատոն է, որը հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակում: Այս փառատոնի շնորհիվ հանրությունը բացահայտում է միջազգային կինեմատոգրաֆիայի բազմազանությունը, որի անբաժան մասն է կազմում ֆրանսիական կինոն»,-ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Նա հավելեց, որ այս տարի ներկայացվող 110 ֆիլմից 23-ը ֆրանսիական են կամ ստեղծվել են Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունքում:

Նա շեշտեց, որ Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության քառօրյա դասընթաց են անցկացնելու հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը:

«Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում ցուցադրվելու են մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ հռչակավոր ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Կլաուս Վենդերբերգերի խոսքով`գերմանական կողմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցում է երկար տարիներ ինչպես ֆիլմերի ցուցադրման, այնպես էլ կինոաշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչներին Հայաստանում հյուրընկալելու հարցում:

«Այս տարի ներկայացվելու է գերմանական հինգ բազմաժանր կինոնկար: Այդ ֆիլմերի ցուցադրությամբ ցանկանում ենք, որ հայ հանրությունը ծանոթանա այն հարուստ ներկապնակին, որը գոյություն ունի այսօր գերմանական կինոյում»,-շեշտեց նա:

Վենդերբերգերն ընդգծեց, որ ներկայացվելու են Վիմ Վենդերսի Ֆրանցիկոս պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին:

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին:

Դեսպանատան հետ համագործակցությամբ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին:

Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ԱՊՀ մասնակից պետություններիհումանիտար համագործակցության միջպետականհիմնադրամի հետ համագործակցությամբ փառատոնի ընթացքում անցկացվելու է «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին Գյումրի քաղաքում: Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Ծրագիրը կընդգրկի ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը, իսկ ժամանակակից լեհական կինեմատոգրաֆի նմուշներ են: Վոյցեխ Հասի «Հրաժեշներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում: Լեհական ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 8-ին «Առողջարան «Ավազե ժամեր» ֆիլմով, որի ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի գլխավոր դերակատար և լեգենդար դերասան Յան Նովիցիկին: Ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև Վոյցեխ Հասի ֆիլմերի կինոպաստառների ցուցահանդեսը:

Հուլիսի 5-9-ը կինոյի մոնտաժի ինտենսիվ դասընթացներ տեղի կունենան վեց կիոնախագծերի համար, որոնց կվարեն Լոձի համալսարանի դասախոսներ Կաշիա Բոնեցկան ու Պիերտաս Բատրոսը: Ի լրումն այս ամենի՝ Լեհաստանից հրավիրված կինոմասնագետները ելույթ կունենան տարբեր քննարկումների, զրույցների ժամանակ և կկիսվեն իրենց փորձով հայ գործընկերների հետ:

Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ հարգանքի տուրք է մատուցվելու մեծանուն կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին, ցուցադրվելու է նրա «Երազողները» ֆիլմը (բացօթյա ցուցադրություն): Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:

Շվեդիայի դեսպանության հետ համատեղ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանի Women in Film and Television International-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, ով հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:

Կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ անցկացվելու է վարպետության դաս, որը վարելու է բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Վերջինս հանդիսանում է «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ: Հուլիսի 9-ին Ս. Փարաջանովի թանգարանում Էլիզաբեթ Քարլսենը կհանդիպի ոլորտի մասնագետների հետ և կանցկացնի իր ֆիլմերում կնոջ կերպարի մարմնավորմանն առնչվող զրույց: Երեկոյի ընթացքում Քարլսենին կշնորհվի «Ոսկե ծիրան» հատուկ մրցանակ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում