Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Սաբադոշի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՄՄԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ միգրացիոն քաղաքականության և օրենսդրության մշակման, միգրացիոն ոլորտում ՀՀ կարողությունների ամրապնդման հարցերում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հետագայում ՄՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը ՀՀ կառավարության գերակայություններին համահունչ դարձնելու ուղղությամբ:

Տիկին Սաբադոշը ներկայացրել է ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Նա հայտնել է, որ ՄՄԿ-ն պատրաստակամ է օժանդակել կամավոր վերադարձի ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՄԿ-ի միջև համագործակցության տարբեր ասպեկտները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքից միգրացիոն հոսքերի հետ կապված հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ՄՄԿ երևանյան գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է եղել նաև առողջապահական գործոնով պայմանավորված միգրացիոն խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում