Պաշտոնական

Միասնություն՝ սպորտով. Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Միասնություն՝ սպորտով.  Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ողջունել է համահայկական խաղերի անցկացումն ու ընդհանրապես համահայկական այդ միջոցառման գաղափարը, նշելով, որ խաղերի միավորող ոգին պետք է օգտագործվի նաև Հայաստան-Արցախ –Սփյուռք կապերն ավելի սերտացնելու համար:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել խաղերի ծրագիրն ու մանրամասն տեղեկացրել նախատեսվող մրցումների մասին: «Միասնություն՝ սպորտով» նշանաբանով անցկացվելիք համահայկական հերթական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա Արցախում: Ամառային խաղերին այս տարի կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: Ծրագրում ընդգրկված 17 մարզաձևից 7-ի մրցումները կանցկացվեն Արցախում: Ակնկալվում է 4000 մարզիկների մասնակցություն Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել, որ համահայկական խաղերը մարզական մրցաշար լինելուց բացի նաև խթան հանդիսանան համահայկական ինտեգրման համար: Ընդգծելով մարզական այս համահայկական ստուգատեսը Արցախում անցկացնելու առանձնահատուկ նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն նաև Արցախ այցելելու և Արցախին կապվելու հրաշալի հնարավորություն է մեր հազարավոր հայրենակիցների համար: Նախագահի խոսքերով՝ հայրենասիրությունը պետք է արտահայտել ոչ միայն սահմանները պաշտպանելու միջոցով, ինչը շատ էական ու անհրաժեշտ է, այլև՝ հայրենիքը՝ Արցախը, Լոռին, Շիրակը, Սյունիքը, Տավուշը, ողջ Հայաստանը ճանաչելու և իմանալու միջոցով:«Ես ձեր շարժման մեջ մեծ ուժ եմ տեսնում, որի միջոցով կարելի է հայրենիքն ավելի ճանաչված ու ճանաչելի դարձնել»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահն ասել է, որ համահայկական խաղերը լավ օրինակ են այն բանի, որ մենք ապագայում կարող ենք նաև միջազգային մակարդակի մեծ մրցումներ անցկացնել: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղերի անցկացմանը և քաջալերել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին՝ շարունակելու իրենց նվիրական գործը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում