ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին այդ երկրի Ազգային տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։«Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության պատմությունը երկու երկրների միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է»,-ընդգծել է նախագահը:
Հանրապետության նախագահը Սահլե-Վորկ Զևդեին հաջողություններ է մաղթել, իսկ Եթովպիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։