Սպորտ

Խինես Մելենդեսը` Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ

3 րոպեի ընթերցում

Խինես Մելենդեսը` Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»- «Լիվերպուլ» հանդիպման՝ ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՉԼ եզրափակչի մրցավայր Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքում պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին և կիսվել եզրափակչից իր ակնկալիքներով:

-Պարոն Մելենդես,որքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:

-Արդեն շուրջ 10 տարի:

- Ի՞նչ է մտնում ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչի պարտականությունների մեջ:

-Տեխնիկական տեսուչները դիտում են խաղերը, վերլուծում դրանք տեխնիկական տեսանկյունից և զեկուցում իրենց տեսածը: Այս ամենի հիման վրա հետագայում կազմվում են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական զեկույցները՝ փաստաթղթեր, որոնք վերլուծում են մրցաշարը տեխնիկական և տակտիկական տեսանկյունից՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների գործողությունների, գոլերի և կարևոր դրվագների վրա:

Զեկույցը երկու հիմնական նպատակ ունի. 1.Ապահովել ՈՒԵՖԱ-ի՝ տարբեր կարգի արտոնագրեր ունեցող մարզիչներին տեղեկատվությամբ և նրանց հնարավորություն տալ գիտելիքներ ձեռքբերել եվրոպական ակումբային մրցաշարերի տակտիկական ամենավերջին տենդենցների վերաբերյալ: 2.Ձևավորել ժառանգություն, այսինքն` փաստաթղթավորել մրցաշարի պատմությունը՝ տեխնիկական և տակտիկական տվյալների ամբողջության տեսքով:

- Դուք ներկայացրիք պարտականությունների ընդհանրական պատկերը, իսկ ի՞նչ պարտականություններ ունեք՝ կոնկրետ եզրափակչի հետ կապված:

- Այլ տեսուչների հետ միասին դիտելու ենք հանդիպումը, որոշելու ենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Բացի այդ, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի օրից որոշելու ենք մրցաշարի լավագույն գոլերը և կազմելու ենք խորհրդանշական հավաքականը: Որպես տեխնիկական տեսուչ՝ առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը:

-Նշեցիք այլ տեսուչների մասին: Ի՞նչ հայտնի անուններ կան ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչների ցանկում:

- Այս տարի այդ բարձր պատվին արժանացել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, գերմանացի հանրահայտ մարզիչ Թոմաս Շաաֆը և այլն: Նախորդ տարիներին ևս կազմը եղել է շատ ներկայացուցչական՝ սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆաբիո Կապելո, Քրիստիան Կիվու, Ռայան Գիգզ, Դեյան Ստանկովիչ և այլոք:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք եզրափակչից:

-Եզրափակչում «Բարսելոնա»-ին էի սպասում:Կուզեի Մեսսիին հանդիպել,բայց«Լիվերպուլն» արժանի հաղթանակ տարավ:«Տոտենհեմը» ևս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստիշատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում