Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հյուրերի խնդրանքով անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ողջունել է նման հեղինակավոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել գագաթնաժողովի աշխատանքների և կազմակերպիչների հետ համագործակցության հեռանկարների մասին:

Նա նաև անդրադարձել է նախագահական մյուս նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության հաստատմանը:

Զրուցակիցները խոսել են նաև համահայկական օրակարգի տարբեր խնդիրների մասին: Նշվել է, որ բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն ուժեղ, զարգացած, պաշտպանված և օրենքներով առաջնորդվող երկիր կառուցելուն: Այդ համատեքստում կարևորվել է խորը հարգանքը պետական ինստիտուտների հանդեպ:

Նշելով, որ երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ և անելիքներ կան՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտությունը: Միաժամանակ, նրանք համակարծիք են եղել, որ դրանք պետք է իրականացվեն հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համագործակցել համահայկական տարբեր ծրագրերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում