Հասարակական

Աննա Հակոբյանը վստահեցնում է՝ կաշկանդված չեն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների համար որևէ մեկից նվիրատվություն վերցնելու

2 րոպեի ընթերցում

 Աննա Հակոբյանը վստահեցնում է՝ կաշկանդված չեն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների համար որևէ մեկից նվիրատվություն վերցնելու

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր ոք ցանկության դեպքում ազատ է «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամներին նվիրատվություն կատարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչներ Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, երբ նախկինում որևէ բարեգործական հիմնադրամի բարեգործություն էին կատարում, քննադատության էին արժանանում, թե ուզում են արտոնություններ ձեռք բերել, հիմա նույն մարդիկ ևս նվիրվատվություն են կատարում:

«Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ՝ պետք է ի վերջո ազատվել համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Մեր երկու հիմնադրամներին նվիրվատվություն անելու համար ազատ են բոլորը: Հիմնադրամին նվիրվատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա, ոչ բոլորն են իրավունք ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրվատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտենում, միջնորդներով են ուզում ճշտել, թե արդյոք կարող են նվիրվատվություն անել»,-ասաց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ նման բարդույթ չունեն ու շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին:

Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե արդյոք իրենց չի հետաքրքրում նվիրատվություն ստացած գումարների ծագումը, Հակոբյանը շեշտեց, որ կան բանկային հարաբերություններ. բանկը ստուգում է, թե այլ երկրներից արված փոխանցումներն ինչ ծագում ունեն: Նա վստահեցրեց, որ եթե լինում է կասկածելի ծագման գումար, որի փոխանցումը բանկը թույլ չի տալիս, իրենք ենթարկվում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում