Պաշտոնական

Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ

3 րոպեի ընթերցում

 Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում:«Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու մշակույթ եք ներկայացնում, պետք է հպարտությամբ ներկայացնեք հայ ազգը»,- նշել է հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենակարևորը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսը: Այս առումով, նա մեծապես կարևորել է սփյուռքի ներուժի օգտագործումն ու հայ ժողովրդի միասնական լինելը:«Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է: Պետք է սովորենք միասին ապրել ու աջակցել իրար: Մենք քիչ ենք, սակայն մեկ ազգ ենք և պարտավոր ենք իրար աջակցել: Առաջնայինը մեր ազգային միասնությունն է: Հաջողության հասնելու այլ ուղի չկա: Սա հաջողության գրավականներից մեկն է»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Որպես հաջողության մյուս գրավական՝ Հանրապետության նախագահն առանձնացրել է ազնիվ ու նվիրված աշխատանքը:

Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը կարևորել է նոր սերնդին բարձրակարգ կրթությամբ ապահովելը՝ որպես ավելի ամուր ու վստահելի ապագայի երաշխիք:«Մենք ունենք հարստություն, դա մարդկային հարստությունն է, դա դուք եք և ձեր երեխաները: Ինձ համար շատ էական է հաջորդ սերունդը: Մենք դպրոցից սկսած պետք է կարողանանք երեխաներին ճիշտ կրթել: Որպես նախագահ՝ իմ պարտականությունն եմ համարում առաջնորդել ժողովրդին որոշակի հստակ տեսլականներով: Եվ տեսլականներից առաջինն այն է, որ երկրում երեխաների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի ամենաառաջնայինը: Վաղը հայրենիքը պաշտպանող զինվորն այսօրվա երեխան է: Որպեսզի նա կարողանա վաղը երկիրը պաշտպանել, պետք է ունենա ամենավերջին տեխնոլոգիան, քանի որ հրացանով չի պաշտպանելու, այլ դրոններով: Ու դրա համար պետք է ճիշտ կրթություն ստացած լինի: Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը: Իսկ որպեսզի դրոն արտադրի, պետք է ունենա բարձրորակ կրթական համակարգ՝ մանկապարտեզից մինչև համալսարան»,-նշել է նա:

Հանրապետության նախագահը հայտարարել է, որ 21-րդ դարը հայերի դարն է, և մենք ունենք հնարավորություն ու ներուժ՝ դառնալու հաջողակ ազգ:

Ելույթի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը լսել է հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում