Հասարակական

Շիրակ մարզի ներդրումային ֆորումին նախատեսվում է ներկայացնել գաղափարների ամբողջական փաթեթ

4 րոպեի ընթերցում

 Շիրակ մարզի ներդրումային ֆորումին նախատեսվում է ներկայացնել գաղափարների ամբողջական փաթեթ

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հուլիսին նախատեսվում է իրականացնել ներդրումային ֆորում: Շիրակի մարզպետարանը հաջորդ շաբաթ արդեն կհայտարարի բիզնես գաղափարների ներկայացման հայտերի մասին: Նախատեսվում է ֆորումին ներկայացնել 100 գաղափար ներառող փաթեթ: Փաթեթը ներկայացնելու համար կօգտագործվեն մարզի մասնագիտական ռեսուրսները: Մարզպետարանին ներկայացված գաղափարներից դուրս կբերվեն ամենահետաքրքիրները: Այս մասին մայիսի 15-ին մարզպետի գործունեության 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը, անդրադառնալով առկա խնդիրներին, նշեց, որ Շիրակում աղքատության և անօթևանության մարտահրավերների հաղթահարումն է այսօր գերխնդիր: «Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Պետությունն այսօր կամք ունի այս հարցին մոտենալու, բայց նախ պետք է այդ ծավալները հասկանանք: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնախումբը միտված է հավաքագրել ողջ անհրաժեշտ ինֆորմացիան և իրականացնել քարտեզագրում: 3 հազար 226 ընտանիքի խնդիր է այսօր, բայց խնդիրն ավելի խորն է. կան նաև ընտանիքներ, ովքեր տնակներում չեն, բայց չունեն օթևաններ՝ բնակվում են ծանոթ -հարազատների տանը կամ այլ կառույցներում»,-նշեց Տիգրան Պետրոսյանը:

Սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության հետ կապված մարզպետը նշեց, որ 49 սուբվենցիոն հայտ ներկայացվել է ՀՀ կառավարություն: Մարզի համայնքների կողմից ներկայացված հայտերի շրջանակներում ընդհանուր 1 մլրդ 90 մլն դրամի ներդրում է կատարվելու: Ներկայացված ծրագրերի մեծ մասը՝ փողոցաշինության, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորության, վերականգնող էներգիայի, մեքենասարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների հետ են կապված:

Ի ուրախություն շիրակցիների՝ մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկայում Մարալիկում մանվածքային գործարանի տարածքում կվերաբացվի բամբակի և կիսաբամբակային թելերի արտադրությունը, որը նախնական կունենա 60-80 աշխատատեղ: Նախատեսվում է արտադրանքը նաև արտահանել:

Որպես գյուղատնտեսության ոլորտի հաջողված ծրագրեր՝ նշվեց սուբսիդավորման և «խելացի» անասնագոմերի նախագծերը: Մարզպետը նաև կարևորեց այն հանգամանքը, որ այս ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ: «Այն, ինչ ունենք հիմա գյուղատնտեսության ոլորտում բավական ռիսկային է, նման է խաղատան խաղադրույքներին՝ ներդրումն անում ես, բայց ապահովագրված չես ու չգիտես արդյունք կստանաս: Ողջունում ենք գյուղական ապահովագրության համակարգը: Հույս ունենք, որ շուտով նաև մարզում կգործի այդ համակարգը»: Տիգրան Պետրոսյանը կարևորեց նաև ապրանքի իրացման խնդիրը՝ այս հարցի լուծման դեպքում շատ խնդիրներ կլուծվեն՝ թեթևացնելով գյուղացու հոգսը:

Մարզպետարանը ստացել է նաև ծրագրային առաջարկներ Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից: Այս առաջարկները դեռ քննարկման փուլում են:

Մարզի զարգացման համար կարևոր է նաև տուրիզմի զարգացումը՝ ոլորտ, որը մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է: Սակայն այդ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հնարավորություն պետք է ստեղծել: «Ենթակառուցվածքային ներդրում անելով մարզում կարելի է օգտագործել Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Արթիկի ներուժը: Պետք են միայն նախնական ներդրումներ: Գյումրիի գրավչությունն ակնհայտ է»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ այս տարի սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք:

Շիրակի մարզպետը ներկայացրեց նաև Գյումրիում Բարեկամության այգու նախագիծը, որը քաղաքի համար մեծ հնարավորություն կստեղծի:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մարզպետն անդրադարձավ նաև Գյումրիում փողոցաշինության, մարզպետարանում առաջիկայում սպասվող կրճատումներին և այլ հարցերի:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում