Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարեկամության վառ օրինակ են. հանդիպել են նախագահներ Սարգսյանն և Տոկաևը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանը հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:

«Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական համաժողովը: Մեր երկրներն ունեն բարեկամական և գործընկերային փոխհարաբերություններ, և այդ համագործակցության ակունքներում մեր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Նա մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն»,-նշել է Ղազախստանի նախագահը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որն արդեն կրում է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը, ով նշանակալի ավանդ ունի ինչպես իր երկրի, այնպես էլ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

«Մեր երկու ժողովուրդները շփվում են դարեր ի վեր: Մեր պետությունների միջև հարաբերությունները պատմականորեն խորը արմատներ ունեն, և բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են: Մենք 21-րդ դարում ենք, որն էականորեն տարբերվելու է 20-րդ դարից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահներն անդրադարձել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերին: Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության խորացումը։

Նախագահներն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից: Նախագահ Տոկաևը ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին՝ նշելով, որ նրանք Ղազախստանի արժանի քաղաքացիներ են և իրենց ներդրումն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին