Հասարակական

Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ կիրականացնեն համայնքներում

2 րոպեի ընթերցում

Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ կիրականացնեն համայնքներում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզպետարանում ստեղծվել է 2 աշխատանքային խումբ՝ համայնքներում ուսումնասիրություններ կատարելու համար: Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն այս մասին հայտնեց մարզային խորհրդի նիստի ժամանակ:

Պատճառը մարզի համայնքներում հայտնաբերված չարաշահումներն են:

Մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները 2018 թվականին հայտնվել էին դատախազության ուշադրության կենտրոնում: Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են չարաշահումներ դրամական աջակցություն տրամադրելու ընթացքում, խախտումներ են հայտնաբերվել համայնքային սեփականություն գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման գործընթացներում, համայնքապետարաններում մի շարք հաստիքներ զբաղեցվել են համայնքապետների մտերիմների կողմից, ովքեր հիմնականում աշխատանքի չեն ներկայացել, կամ նրանց հաճախելիությունը պատշաճ չի եղել: ,Մարզի դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզպետին, համայնքներում նմանատիպ խախտումներն ու չարաշահումները հայտնաբերելու, ինչպես նաև հետագայում բոլոր տեսակի ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով իրականացնել ուսումնասիրություններ: Մարզպետարանում արդեն ստեղծվել է 2 աշխատանքային խումբ, որոնք առաջիկա օրերին համայնքներում ուսումնասիրություններ են սկսելու»,- նշեց Արամ Անտոնյանը: Աշխատանքային խմբերի համայնքներ այցերի գրաֆիկը դեռ հայտնի չէ, այցից առաջ համայնքի ղեկավարին կտեղեկացվի այդ մասին։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում