Մշակույթ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Կոնստանտին Օրբելյանի ազատումը ճիշտ մոտեցում չեն համարում

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Կոնստանտին Օրբելյանի ազատումը ճիշտ մոտեցում չեն համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտահոգիչ են համարում Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ազատումն ու դրա հետևանքով առաջացած իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորներն այս մասին խոսեցին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում:

«Մշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացները մեզ համար անընդունելի են: Ցանկացած հարցի կարելի է լուծում տալ փոխզիջման ձևաչափով: Արմատական որոշումից առաջ կարելի էր երկարաձգել այդ որոշման կայացումը մինչ այդ խնդրի կարգավորման մասով իրավական լուծումները գտնվեին»,- նման կարծիք հայտնեց Իվետա Տոնոյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ինքն ուսումնասիրել է համապատասխան հրամանը և խնդրել է իրենց տրամադրել Օպերային թատրոնի կանոնադրությունը: «Դրանից միանշանակ պարզ կլինի` ազատումն օրինական է, թե ոչ: Ազատման հիմքում դրվել է այն փաստը, որ Օրբելյանը պաշտոնին նշանակվել է օրենքի խախտմամբ: Բայց Օրբելյանը վայելել է անձնակազմի հարգանքը, նա մեծ հեղինակություն է, և չի կարելի նման հեղինակություններին ազատել»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն միշտ կարևորել է կադրային ճիշտ քաղաքականությունը: «Մեր կարծիքով՝ հիշել, որ ժամանակին այսինչ մարդը օրենքի խախտմամբ է նշանակվել և ազատման հրաման տալը ճիշտ մոտեցում չէ որակյալ կադրերի նկատմամբ»,-եզրափակեց Պետրոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը: Օրբելյանը կշարունակի պաշտոնավարել որպեսԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում