Քաղաքականություն

Ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած  իրադարձություններին մեծ դեր խաղաց քաղհասարակությունը և սոցիալական մեդիան. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած  իրադարձություններին մեծ դեր խաղաց քաղհասարակությունը և սոցիալական մեդիան. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին քաղաքական համակարգը վերջին տարիներին այնպես էր զարգանում, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները անխուսափելի էին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին տեղի ունեցած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ ամբողջությամբ կանխատեսել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները դժվար էր, սակայն այն, որ իրենց քաղաքական թիմը ուներ հստակ նպատակ և որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծեին, ակնհայտ էր:

«Սկզբից շատ դժվար էր, որովհետև քաղաքական դաշտում ունեինք շատ փոքր աջակցություն, բայց, կարծում եմ, որոշիչ քայլերից մեկը այն էր, որ քաղաքացիական հասարակության հետ սկսվեց երկխոսություն: Մենք հիմնական մեր քայլերը ներկայացրեցինք նրանց և աջակցություն ստացանք: Կարծում եմ, որ սա կարևոր քայլերից մեկն էր: Քաղաքական ուժերից աջակցություն, ըստ էության, չունեինք: Սրանով էր նաև պայմանավորված, որ ԶԼՄ-ները և քաղաքական շերտի ներկապնակը կանխատեսում էր, որ այս նախաձեռնությունը որևէ հաջողություն չի ունենա, բայց այդ 14 օրը (Գյումրիում մեկնարկած քայլերթը, որն ավարտվեց Երևանում-խմբ.) ծառայեց նպատակին, մենք կարողացանք գլխավոր մեսիջը հասցնել հասարակությանը: Երբ մենք մտանք Երևան, մեզ համար ակնհայտ էր, որ սառույցը կոտրվել է, և կարող ենք որոշակի հաջողություն ունենալ»- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` հաջողություն հասնելու համար որոշիչ էր հասարակության լայն զանգվածների ներգրավումը, ինչպես նաև մեծ դեր խաղաց սոցիալական մեդիան:

«Մենք իշխանափոխության հնարավորություն տեսել էինք նաև 2016 թվականին, հայտնի իրադարձությունների ժամանակ, բայց, կարծես, հասարակությունը մեր ուղերձները, այնուամենայնիվ, չընկալեց այնպես, ինչպես դա ընկալեց 2018 թվականի ապրիլի-մայիս ամիսներին»,- եզրափակեց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում