2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հայտարարած «Տարվա լավագույն ընթերցող 2018» մրցույթի հաղթողները մարտի 25-ին «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցան հանդիպել ժամանակակից գրողների հետ և արժանանալ պատվոգրերի, նվերների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակների արժանացան Հռիփսիմե Թովմասյանը, Արևիկ Առաքելյանը, Կարինե Հակոբյանը, Աննա Մանուկյանը, Ռաֆայել Գալստյանը, Սեդա Դավթյանը, Մարթա Բաբայանը, Ինգա Շաքարյանը, Գրետա Ադամյանը, Նարինե Պետրոսյանը, Դայանա Դավթյանը, Էլեն Ասլանյանը, Սոնա Չոբանյանը, Լիանա Ազարյանը, Էմմա Ազարյանը:
«Երեխաների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու, ընթերցանության միջոցով նրանց կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով գրադարանի տնօրինությունը հայտարարել էր «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթը 8-15 տարեկան երեխաների միջև: Կարևորն այն է, որ տվյալ երեխան շատ գրքեր կարդացած լինի և էական չէ` դրանք գեղարվեստական գրքեր են, մասնագիտական, թե այլ»,-նշեց գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:
Նա խոստովանեց, որ, ընդհանուր առմամբ, ընթերցանության լճացում է նկատվում: «Իսահակյանի գրադարանն իր տարբեր կենտրոններով` Ամերիկյան, Ֆրանկոֆոնիայի, Բրիտանական, խմբակներով փորձում է ընթերցողին կապել գրադարանի հետ: Մեկ տարվա կտրվածքով ունենում ենք 33-35 հազար ընթերցող, որոնցից յոթանասուն տոկոսն ուսանողներ են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատում ենք գրադարանը համալրել անհրաժեշտ գրականությամբ: Երբ նոր գիրք է լույս տեսնում, կապ ենք հաստատում հրատարակիչների հետ ու ձեռք բերում այն: Մեր գրադարանն ունի հեղինակություն, այդ իսկ պատճառով գրողները, գիտնականները գիրք հրատարակելիս իրենց պարտքն են համարում գոնե մեկ օրինակ նվիրել մեզ»,-եզրափակեց Բարսեղյանը: