Հասարակական

«Երևան իմ սեր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընթացքի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

«Երևան իմ սեր» հիմնադրամը մանրամասներ է ներկայացրել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընթացքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ-ի հունվարի 28-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Երևան իմ սեր» հիմնադրամից, ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:

Ծրագրի այս փուլում իրականացվում են դասընթացներ, որոնց մասնակցում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող և լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ սովորել ցանկացող տղաները: Նրանցից ոմանց համար սա երկրորդ մասնագիտություն է լինելու, իսկ ոմանք էլ կատարելագործում են գիտելիքները:

Սահմանին վիրավորված տղաներին դասավանդում են նրանք, ովքեր տարիներ շարունակ լուսանկարել ու տեսանկարահանել են Հայաստանի նախագահներին և մեր երկիր ժամանած հայտնի դեմքերին: Վիրավորված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար իրականացվող այս դասընթացի տևողությունը երեք ամիս է:

«Տղաներն արդեն մեկ ամիս է սովորում են լուսանկարչություն, դասընթացներն իրականացվում են տեսական և գործնական պարապմունքների միջոցով, որպեսզի ավելի հեշտ լինի օպերատորություն սովորելը: Դրանից հետո արդեն կսովորեն մոնտաժել: Կմշակեն, կմոնտաժեն հենց իրենց նկարահանած նյութերը: Այս դասընթացը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի ընդամենը առաջին քայլն է»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում