Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 22-ին ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Պետեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորել Շվեդիայի աջակցությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին:

Փոխվարչապետը նաև նշել է, որ Շվեդիայի հետ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով՝ հատկապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետեր Էրիքսոնն ասել է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և իրենք ցանկանում են նպաստել երկրի ժողովրդավարության ամրապնդմանը: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում