Տնտեսություն

Հայաստանն առաջարկել է ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում

3 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջարկել է ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական ֆորումը նվիրված է թվայնացման խնդիրներին, ինչը գլոբալ թրենդ է՝ ուղղված կյանքի տարբեր ոլորտների, այդ թվում, տնտեսական հարցերի արդիականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «МИР» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Այդ թրենդն իր հետ բերում է էլեմենտներ, որոնք էլ իրենց հերթին նպաստում են կյանքի որակի բարձրացմանը: Դա նշանակում է, որ կա ներուժ տնտեսության աճի ապահովման, տարբեր խնդիրների հետ կապված համատեղ որոշումներ փնտրելու համար և այլն: Մեր համաժողովը նվիրված է հենց արդիական հարցերի քննարկմանը, որոնք կարող ենք ԱՊՀ երկրների տարածքում համատեղ իրացնել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանրության տարբեր շերտերի կյանքում ի՞նչ կփոխվի թվային տնտեսության զարգացմամբ: Հարցին ի պատասխան, Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա առաջին հերթին նպաստում է կոնկրետ ուղղություններով աշխատանքի, գործողությունների արդյունավետության բարձրացմանը: Օրինակ, ձևավորվում են էլեկտրոնային առևտրային հարթակներ, որի միջոցով սպառողը կարող է ապրանք ընտրել առանց միջնորդի: Դրանից բացի, սպառողն ապրանքի ընտրության լայն հնարավորություն է ունենում, ինչպես նաև, կարող է այն պատվիրել՝ տանից դուրս չգալով: Այդ ամենը տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ:

«Այսօր տնտեսական մի շարք ուղղություններով աշխատում ենք, որ կիրառվեն թվային լուծումներ: Օրինակ, ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիությունը: Այս գործիքը հնարավորություն է տալիս տեսնել այն ապրանքների շարժը, որոնք մտնում են ԵԱՏՄ տարածք, հատում են անդամ երկրների սահմանները: Դա շատ կարևոր տեխնոլոգիական խնդիր է: Գնորդը, ապրանք ձեռքբերելիս, կարող է ծանոթանալ այդ ապրանքի պատմությանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Որքանո՞վ են մասնագետները պատրաստ այդ թվայնացման գործիքակազմն իրականացնելու համար: Պատասխանելով հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս կա թվայնացման ոլորտում:

«Այդ ուղղությամբ լուծումներ են առաջ քաշվում, օրինակ` ղազախ մեր գործընկերները առաջարկել են ձևավորել աշխատաշուկայի էլեկտրոնային հարթակ: Դա կարևոր է, որովհետև այդտեղ գործատուները և աշխատանք փնտրողները կարող են տեսնել ԵԱՏՄ տարածքում աշխատաշուկայի շարժը, գտնել աշխատանք, և փնտրել մասնագետներ»,-ավելացրել է նա:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն էլ առաջարկել է իր մոտ արդեն կիրառվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում: Եվրասիական տնտեսական խորհուրդը հավանության է արժանացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում