Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այս կարևորագույն կրթական օջախում»,-ասել է Հանրապետության նախագահը և շարունակել. «Իմ շփումները Բրյուսովի անվան համալսարանի հետ սկսվել են դեռ այն ժամանակից, երբ ես ուսանող էի: Ես կարծում եմ, որ Բրյուսովի անվան համալսարանը Հայաստանի Հանրապետության ամենակայուն համալսարաններից է իր տեսակով, որակով և սկզբունքներով: Սա փայլուն համալսարան է, որովհետև բազմաթիվ սերունդներ է կրթել, փայլուն անձնավորություններ և անուններ է նվիրել մեր երկրին: Մի քանի րոպե առաջ մենք բացեցինք լսարաններից մեկը, որը ձեր համալսարանի շրջանավարտների՝ Գևորգ և Գոհար Վարդանյանների անունն ունի»:

Նշելով, որ տեղյակ է, որ համալսարանի ուսանողների 90 տոկոսը աղջիկներ են, նախագահ Սարգսյանը, առիթն օգտագործելով, շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին գալիք Մարտի 8-ի տոնի և կանանց միամսյակի առթիվ:«Մարտի 8-ը իմ ամբողջ կյանքում եղել է կանանց, մայրության, կանացի խորը արժեքների օր,-ասել է նախագահը:- Ուրախ եմ, որ մեզ մոտ ոչ թե մեկ օր է, այլ միամսյակ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Իրականում լավագույնը կլիներ, որ ամբողջ տարին հայտարարեին կանանց տարի, և ամբողջ տարին ուշադիր լինեինք մեր մայրերի, քույրերի, կանանց և աղջիկների նկատմամբ, երիտասարդ և գեղեցիկ ուսանողուհիների նկատմամբ, որոնք ձեր միջանցքներում են:

Մեր մայրերի և կանանց դերը մեր կյանքում հսկայական է: Չմոռանանք, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքը ոչ միայն սկսում է մոր միջոցով, այլև իր առաջին օրից սկսած՝ հիմնական կապն աշխարհի հետ մայրն է: Մայրն է, որ գուրգուրում է փոքրիկին, մայրն է, որ սովորեցնում է քայլել այս աշխարհում, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր առաջին հայերեն բառերը, մայրն է, որ սովորեցնում է կարդալ-գրել երեխային և, իհարկե, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր հավատքը: Այսինքն՝ մենք մարդ ենք դառնում մեր մայրերի շնորհիվ»:

Հանրապետության նախագահն ուրախությամբ է նշել, որ աստիճանաբար կանանց դերը հանրության մեջ, հասարակությունում, և՛ քաղաքական, և՛ գործարար կյանքում մեծանում է:«Կյանքի բազմաթիվ օրինակներ ունեմ, որ կին գործընկերները, կանայք շատ ավելի կազմակերպված, տաղանդավոր և շատ ավելի արդյունավետ են աշխատել, քան իմ գործընկեր տղամարդիկ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ արտասահմանում հայերը հայ են մնում մի քանի գործոնով, այդ թվում՝ ընտանիքը, եկեղեցին, դպրոցը, և ընտանիքում առաջնայինը՝ մայրը. «Մեր ազգային ամենամեծ արժեքներից մեկը, գուցե ամենամեծը, մեր հայ ընտանիքն է: Ընտանիքն է, որ հիմքն է մեր պետության, հիմքն է մեր պետականության և հիմքն է ընդհանրապես մեր ազգի գոյության»:

Շնորհավորել հանդիպմանը ներկա կանանց և ի դեմս նրանց, մեր երկրի և Արցախի բոլոր մայրերին, կանանց, քույրերին, աղջիկներին՝ նախագահը կոչ է արել տղամարդկանց.«Եկեք այս մեկ ամիսը ուշադրություն ցույց տալուց հետո շարունակենք այնպես, որ 2019-ը լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի»:

Հայերեն English

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը